Рет қаралды 70,848
Dedicated to the memory of the Armenian Genocide Victims
Song by Ashugh Jivani
Special thanks to Guro Gasparyan
𝙋𝙧𝙤𝙙𝙪𝙘𝙚𝙧/𝙈𝙖𝙣𝙖𝙜𝙚𝙧: Armin Movsisyan ( AM Production )
𝙈𝙤𝙗.: +37499411400
𝙀-𝙢𝙖𝙞𝙡: producer@razmikamyan.am
Հանդիպողը քեզի՝ տխրի, կմնա,
Տեսնելով վիճակդ թշվառ քո, Անի՛:
Անիրավը երբեք էլ մոտդ չի գա,
Բախտդ ուրացել է իսպառ քո, Անի՛։
Պալատներդ հողին եղած հավասար,
Կրկին նորոգվելու էլ չունիս հնար,
Վանքերդ կիսաքանդ առանց ժամարար
Ուր է դրությունդ պայծառ քո, Անի՛:
Ո՞ւր է Աշոտ Երկաթ, ո՞ւր Վահրամ Իշխան,
Ո՞ւր է Սմբատ մեծ շահընշահ ախոյան,
Վեստ Սարգսի ձեռոք կերավ Հունաստան,
Ո՞ւր է սեգ Գագիկդ կայտառ քո, Անի՛։
Չունիս շեն մնացած մի տուն, մի փողոց,
Դարձել ես բուերու ձագոց օրորոց,
Այգիներդ ողջն եղել են փշանոց,
Գոնե չէ երևում մեկ ծառ քո, Անի՛։
Կիսամեռ ես, չկան ձեռքերդ ուժեղ,
Արդեն քարակույտ ես, էլ չես փառահեղ,
Գտնվում են ամեն երկիր, ամեն տեղ,
Ժողովուրդդ պանդուխտ, չվառ քո, Անի՛։
Անասնոց հոտերը զորքերուդ տեղակ,
Կոխկրտում են քեզի ազատ, համարձակ,
Օրավուր դառնում ես կրկին ավերակ,
Անտարբեր որդիքդ են պատճառ քո, Անի՛:
Նենգեր չլինեին, ով դու նախաթոռ,
Կապրեիր պապե-պապ մինչև թոռե-թոռ,
Վանքերուդ քարերը շինում են ախոռ,
Գյուղացիքդ տգետ, ցանցառ քո, Անի՛։
Էչ ոչ ավան ունիս, ոչ էլ ագարակ,
Չունիս աղոտ լուսով գոնե մեկ ճրագ,
Այրի աղքատ կնոջ նման, խեղճ քաղաք,
Հանդերձներդ պատառ-պատառ քո, Անի՛։
Նման ես ջախջախված ծովասույզ նավի,
Տեսնողը չի օգնիլ, միայն կցավի,
Դրությունդ նույնն է, չի փոխվել լավի,
Գարուն, ձմեռ, ամեն ամառ քո, Անի՛։
Քո մեջդ այնպիսի մարդիկ գտնվան,
Որ քեզի մատնեցին Հուդայի նման,
Պատճառը չար հոգի իշխաններն եղան,
Որ չմնաց ճրագդ վառ, քո Անի՛։
Անունդ, պատիվդ խփեցին քարին,
Ուրացան արարչին, հետևան չարին,
Թագավորդ վաճառեցին օտարին,
Քահանայքդ կերան կաշառ քո, Անի՛։
Չկա զանգակի ձայն, չկա ղողանջյուն,
Լռություն է տիրել ամեն մի անկյուն,
Տաճարներուդ միջից սաղմոսերգություն
Էլ չէ լսվում քաղցրաբարբառ քո, Անի՛։
Նրան էլ է դիպել մահառիթ նետը,
Որ այդպես տխուր է, չի խոսվիլ հետը,
Արյուն, արտասուքով Ախուրյան գետը,
Մոտեդ կանցնի միշտ անսպառ քո, Անի՛։
Միջիդ շահասեր մարդիկ ոխակալ,
Քուկիններիդ կհանեին միշտ սխալ,
Գետը դարձուց, քեզ չկարաց օգուտ տալ՝
Կաթողիկոսդ վեհափառ քո, Անի՛։
Մի լար, մայր, ողբալի քաղաք, դուն մի լա,
Տաճարներուդ պաշտպան մեծ հայրապետ կա,
Մի՞թե չի մտածել նա քեզի վերա,
Արարատդ բնագավառ քո, Անի՛։
Երբ քեզի կործանեց գոռոզ թշնամին,
Հայության դրոշն էլ ընկավ միասին,
Տգետաբար քեզ այս ավուր հասցրին,
Չար որդիքդ տիրավաճառ քո, Անի՛։
Ջիվանի, սրտագետ էակը արդար
Բարուն բարի կուտա, չարին էլ միշտ չար.
Քեզ կործանող ազգը չապրեցուց երկար,
Արարիչդ սուրբ անաչառ քո, Անի՛։
Աղբյուր` Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959);
2020 © 𝐛𝐲 𝐀𝐌 𝐏𝐫𝐨𝐝𝐮𝐜𝐭𝐢𝐨𝐧 𝐌𝐮𝐬𝐢𝐜 𝐋𝐚𝐛𝐞𝐥. 𝐀𝐥𝐥 𝐑𝐢𝐠𝐡𝐭𝐬 𝐑𝐞𝐬𝐞𝐫𝐯𝐞𝐝.